Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել և շուրջ 5 ամիս գտնվում է Բաքվի բանտում, ընտանիքի հետ մարտի 20-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ իրեն լիակատար մեկուսացված խուց են տեղափոխել, CNN-ին տված հարցազրույցում նշել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։
«Հայրս հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։ Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։ Հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել․ նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար։ Հայրս ասաց՝ «հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը։ Մենք կարծում ենք, որ օրերի ընթացքում փախստական դարձած հայերի իրավունքների պայքարը նրա համար դարձել է ավելի կարևոր, քան իր կյանքը, դարձել է մի բան, որի համար նա պատրաստ է մեռնել»,- նշել է Վարդանյանի որդին։
Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ապրիլի 20-ին հայտնել էր, որ Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել։ Սեպտեմբերի 28-ին դատարանը Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։ Հայաստանի կառավարությունը Վարդանյանի գերեվարման հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։ Վարդանյանից բացի Բաքվի բանտում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։