Բաքվի բանտում ապօրինի պահվող գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկերների նախաձեռնությամբ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով երթ է իրականացվել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնում են Free Armenian Prisoners թիմից։
Նրանք պահանջել են անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին՝ հայտարարելով, որ «չի կարող լինել խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության նահատակների հիշատակը ու, միաժամանակ, մեր այս ակցիայով փորձում ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվի բանտերում ունենք ապօրինի պահվող բանտարկյալներ, որոնցից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, շուրջ 20 օր գտնվում է հացադուլի մեջ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն, գործի դնեն ճնշման մեխանիզմներ, քանի որ ապօրինի ձերբակալված և ավտորիտար երկրում որպես պատանդ պահվող հայ գերիների հարցը նաև քաղաքակիրթ աշխարհի հարցն է»,- ասել է կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը:
Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ապրիլի 20-ին հայտնել էր, որ Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել։ Սեպտեմբերի 28-ին դատարանը Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։ Հայաստանի կառավարությունը Վարդանյանի գերեվարման հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։ Վարդանյանից բացի Բաքվի բանտում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։