«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթի 3-րդն սկսել է Սևանի թերակղզու խաչմերուկից։ Դեպի Երևան երթը Երևան-Սևան մայրուղով շարժվում է դեպի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, որտեղ նախատեսում են լինել ժամը 18։00-ին։
Շարժման անդամ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը լրագրողներին հայտնել է, որ իրենց օրակարգն անփոփոխ է՝ շարունակում են դեմ լինել սահմանազատմանն ու Ադրբեջանի հետ հաշտության օրակարգին։
Պետրոսյանը փակագծեր չի բացել՝ նշելով, որ մինչև մայիսի 9-ը, որը Երևան հասնելու վերջնաժամկետն է, ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի։
«Ես առավել քան համոզված եմ, որ շարժմանը կհաջողվի կասեցնել գործընթացները։ Պետականության կազմաքանդման գործընթացը պետք է կասեցվի»,- հավելել է նա։
Զոհված զինծառայող Դավիիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը, երթի մեկնարկից առաջ լրագրողներին հայտնել է, որ հետքայլի տեղ այլևս չկա։
«Այլևս սպասելու տեղ չունենք։ Ի՞նչ անենք։ Նստենք ու նայենք, թե ինչպես է մեկ հոգին մեր երկիրը կործանո՞ւմ»,- նշել էր Գևորգյանը։
Շարժումը հայտարարել է նաև «Դեմ ես խավարին՝ լույս վառիր» ակցիայի մասին։ Նրանք քաղաքացիներին առաջարկել են մայիսի 6-ից սկսած օրվա լուսավոր ժամերին ավտոմեքենաները վարեն միացված լույսերով, իսկ երեկոյան՝ 21:00-22:00-ն, պատուհանների մոտ կամ բակում մոմ կամ լապտեր վառեն։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ի կեսօրին: Տավուշում ապրիլի 19-ի երեկոյան սկսվել էին մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները։ Տավուշից սահմանի սահմանազատում սկսելու և Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման դեմ նրանք փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը։ Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի և փակել դեպի գյուղ տանող ճանապարհը:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութերում։