«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 4-ին սահմանազատման դեմ մեկնարկած երթը մայիսի 9-ին Աբովյան քաղաքից շարունակում է շարժվել դեպի Երևան, որտեղ նախատեսում են լինել ժամը 14։00-ին, իսկ 16։00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք են իրականացնելու։
Երթի մասնակիցներն այսօր զոհված զինծառայողների նկարներով շապիկներ են կրում։
«Մեր հերոսների շապիկները կրելը խորհուրդ ունի։ Մենք պարտավոր ենք մեր հերոսների, մեր տղաների գործը շարունակել։ Սա պայքար է նաև մեր տղաների հիշատակի համար»,- լրագրողներին ասել է Գառնիկ Դանիելյանը։
Երթը գլխավորող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը դիմել է երթի մասնակիցներին՝ կոչ անելով պատվով կրել տղաների շապիկները։ Նշենք, որ Սրբազանի հանդերձանքն ամբողջությամբ սպիտակ է։
«Մեր երթը լուռ է, շատ հաստատ է, հայրենիքով է օրհնված»,- ասել է Սրբազանը։
Ավելի ուշ իրավապահները հայտարարություններ են տարածել այսօրվա երթի ու նախատեսվող հանրահավաքի վերաբերյալ։
Ներքին գործերի նախարարությունը Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորել է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։
«Հայաստանն իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- հայտարարել են ՆԳՆ-ում։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ մայիսի 8-ի դրությամբ՝ սահմանազատման գործընթացի դեմ Տավուշում և ՀՀ այլ բնակավայրերում բողոքի ակցիաների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, 9 անձ կալանավորվել է։ ՔԿ-ն զգուշացրել է՝ «ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»։
Ավելի վաղ Հայաստանի ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին զգուշացրել էր, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
Ավելի ուշ՝ երթի ընթացքում Սրբազանն անդրադարձել է իրավապահների զգուշացումներին՝ հայտարարելով, որ «ցանկացած ապօրինի հրամանի, բախման, հրահրման պատասխանատուն իրավապահներն ու իշխանությունն են լինելու»։
«Վահե Ղազարյա՛ն, դուք ինձ լավ եք ճանաչում, մենք միասին աղ ու հաց ենք բաժանել։ Եթե որևէ ապօրինի հրաման, հրահրում ու բախում եղավ, առաջին պատասխանատուն Դուք և Ձեր ղեկավարն եք լինելու»,- ասել է Սրբազանը։
Շարժումը հայտարարել է Երևանի երթուղու մասին, ըստ որի նրանք Թբիլիսյան խճուղով, Կոմիտասի պողոտայով, Բաղրամյան փողոցով և Մաշտոցի պողոտայով հասնելու են Ամիրյան փողոց։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։