Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով՝ նշելով, որ թեև Հայաստանի սահմանները վտանգված են, սակայն պետք է զինվել հույսով և լավատեսությամբ։
«Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի տոնը: Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը»,- ասել է Կաթողիկոսը:
Նրա խոսքով՝ ցավալի կորուստների և դառը պարտությունների մեջ վերստին դառնում ենք դեպի Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհիվ օրհնել ու ոգեշնչել է։
«Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը»,- ասված է ուղերձում:
Կաթողիկոսը նշել է, որ տագնապներով են այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։
«Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի»,- նշել է Կաթողիկոսը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։