Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը», որը դեմ է սահմանազատման գործընթացին, մայիսի 10-ին սկսել է անհնազանդության ակցիաներ Երևանում և մարզերում։ «Ազգային ճակատը» հայտարարել է, որ Երևանի պետական համալսարանում դասադուլ է, փակ է Ազատության պողոտան, Տերյան-Մոսկովյան ճանապարհը, քաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական ուժեր են կուտակված։
Ժամը 10։28-ին հայտնել են, որ փակ է մուտքը դեպի Երևան` Արարատի մարզի կողմից: Սրբազանը լրագրողներին հայտնել է, որ վարչապետի մի քանի թեկնածուի անուններ են քննարկվում։
«Անուններ, բնականաբար, քննարկվում են։ Ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում։ Որևէ անձի շուրջ դեռ համաձայնություն չկա։ Խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունները կքննարկեն և, կարծում եմ, ամբողջ քաղաքական դաշտը միախորհուրդ կլինի թեկնածուի հարցում»,- ասել է նա։
Սրբազանն անուններ չի հնչեցրել, բայց չի հերքել, որ քննարկվող թեկնածուների թվում նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է։ Միևնույն ժամանակ՝ նա հերքել է տեղեկությունը, թե մայիսի 9-ին հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա հայտարարել է, որ Քոչարյանի հետ կյանքում մեկ անգամ՝ 2001 թվականին է հանդիպել։
Սրբազանն այսօր ժամը 18։30-ին քաղաքացիներին հրավիրել է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում։
«Տավուշը հանուն հայրենիքի շարժման» անդամ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն, իր հերթին, լրագրողներին հայտնել է, որ տարբեր տվյալներով՝ երեկ Հանրապետության հրապարակի հանրահավաքին ավելի քան 140 000 մարդ է մասնակցել։ Նա խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հնարավորությունից։
«Երեկվանից «Քաղաքացիական պայմանագրից» իրենց իսկ նախաձեռնությամբ մեզ հետ որոշ կոնտակտներ են եղել»,- ասել է նա։
Պետրոսյանը անուններ չի հնչեցրել, բայց նշել է, որ խոսքը «ՔՊ-ում որոշումների վրա ազդեցություն ունեցող նվազագույնը 4-5 անձի մասին է»։
Armenia Today-ի թղթակիցը հայտնել է, որ «Կամք» հասարակական շարժումը ևս ակցիա է իրականացնում կառավարության շենքի մուտքի մոտ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Կամք, միավորում, հաղթանակ», «Նիկոլ, հեռացիր»,- հայտնել է Armenia Today-ի թղթակիցը։
Նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը հայտարարել է, որ ակտիվիստները ոչ միայն պահանջում են Փաշինյանի հրաժարականը, այլև պատրաստ են դրան հասնելու քայլեր իրականացնել:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու։ Նա կոչ էր արել մայիսի 10-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։