Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի փողոցները փակած 41 ցուցարարի, Armenia Today-ին հայտնեց ՀՀ ՆԳՆ ԶԼՄ և հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելը): Գաբրիելյանի խոսքով՝ Երևանում փակ փողոցներ չկան։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Նույն օրը ոստիկանները բերման էին ենթարկել նաև Ազատության և Գայի պողոտաները փակած քաղաքացիներին։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու մասին։
Մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ Երևանի և մարզերի 10 տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու։