«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով արդեն երկրորդ օրն է անհնազանդության ակցիաներ են անցկացվում Երևանում և մարզերում։
Մայիսի 11-ի բողոքի ակցիաներն սկսվել են ժամը 11:00-ին։ «Տավուշը հանուն հայրենիքի» աջակիցները փակել են «Հաղթանակ» կամուրջը, Թբիլիսյան խճուղին՝ Երազ այգու խաչմերուկում և Երևանի մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի դիմաց, փակել են Տիգրան Մեծ, Ազատության և Գայի պողոտաները։ Քաղաքացիները Խորենացի փողոցում անհնազանդության խաղաղ ակցիա են անցկացրել և երթով շարժվել Իտալիայի փողոցով։
«Ազգային ճակատը» հայտնել է ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման և Երևանի Գայի պողոտայում քաղաքացիներին բերման ենթարկելու մասին։ Ոստիկանությունից Armenia Today-ին հայտնեցին, որ բերման է ենթարկվել Երևանի փողոցները փակած 41 ցուցարար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով)։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի։ Ըստ «Ազգային ճակատի»՝ բերման ենթարկվածների թվում են 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը, ինչպես նաև եկեղեցական սպասավորներ, ովքեր ակցիա են իրականացրել Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում։
Ավելի վաղ «Ազգային ճակատ»-ը հայտնել էր Էջմիածին դաշինքի ավագանու անդամների կալանավորման մասին, ովքեր պատրաստվում էին Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցում դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի օմբուդսմենի աշխատակիցներն այցելել են Երևանում բերման ենթարկվածներին։ Գրասենյակը հայտնել է, որ այն գործում է արտակարգ ռեժիմով և ուշադիր հետևում է իրադարձություններին:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու մասին։
Մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ Երևանի և մարզերի 10 տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու։