2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով, ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ([ուլիգանություն, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով)»,- ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրա գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու մասին։