ՔԿ-ն զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, այն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու առերևույթ հատկանիշներով քրեական գործ է հարուցել, հայտնում են գերատեսչությունից։
ՔԿ-ն հաղորդում է ստացել այն մասին, որ հանրապետությունում անցկացվող բողոքի ակցիաների առերևույթ աջակիցներից մեկի սոցիալական ցանցի էջում հրապարակվել է մի գրառում, որտեղ նշվում է «հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ»։
Ըստ հաղորդագրության՝ նախաձեռնված քրեական վարույթը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով)։
ՔԿ-ն նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում նշված գրառման հեղինակին հայտնաբերելու և նրա արարքին համապատասխան իրավական գնահատական տալու նպատակով։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։