Լրագրողին ոստիկանության ծառայողի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Մասնավորապես, մայիսի 14-ին՝ ժամը 10։50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Խ. Աբովյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Նարե Գևորգյանը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժած անձը հանդիսանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները լուսաբանող, Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանը, իսկ պատահարը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ծառայողների կողմից նշված ճանապարհահատվածում հատուկ ծառայություն իրականացնելիս:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։ Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Ազգային ճակատի» հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը բերման ենթարկում քաղաքացիներին։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան թույլատրելի անցման վրա վրաերթի ենթարկում mediahub.am-ի լրագրող Նարե Գևորգյանին։ Կայքի խմբագրակազմը հայտնել էր, որ լրագրողն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում, նրան հետազոտում են։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։