Երևանի պետական համալսարանի՝ այս պահի դրությամբ 57 դասախոս աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, հայտնել են «Ազգային ճակատից»։
Դոցենտ Միքայել Մալխասյանը հրապարակել է դասախոսների հայտարարությունը՝ նշելով, որ բաց են իրենց միանալու համար։
«Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի տարածքում «սահմանազատման» հապճեպ գործընթացի շրջանակում ՀՀ իշխանությունները կատարում են միակողմանի տարածքային զիջումներ, որոնք հակասում են ՀՀ կենսական շահերին և լրջագույն ռիսկեր առաջացնում պետության անվտանգության համար։ «Սահմանազատման գործընթացն այս փուլում ամբողջությամբ ապօրինի է, քանի որ ոչ միայն տեղի է ունենում բացառապես ադրբեջանական կողմի օրակարգին լիարժեք համապատասխան, այլև նրանց բացահայտ ռազմաքաղաքական ճնշման ներքո, ինչպիսի պայմաններում միջպետական պայմանավորվածություններն ի սկզբանե առոչինչ են»,- նշել են դասախոսները։
Նրանք ընգծել են, որ «շարունակական տարածքային կորուստները և ստեղծված սահմանային իրավիճակը հայոց պետականության հետագա զարգացման և անգամ գոյության համար լրջագույն սպառնալիքներ են ստեղծել, ինչը խորն անհանգստություն է առաջացրել նաև պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում»:
«Հաշվի առնելով այդ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը, իշխանությունների կողմից հանրության լայն շերտերի կարծիքը հետևողականորեն անտեսելու քաղաքական կեցվածքը և ելնելով ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացողությունից՝ կրթության և գիտության ոլորտի ներքոնշյալ ներկայացուցիչներս մեր աջակցությունն ենք հայտնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը և կարծում ենք, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա»,- հայտարարել են դասախոսները։
Հայտարարությանը միացած դասախոսների ցանկը պարբերաբար թարմացվում է։ Հայտարարությանը միացած դասախոսների ցանկն՝ այստեղ։
Մայիսի 4-ին սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։