«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի կենտրոնական 4 հատվածներից երթ իրականացրեց դեպի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի շրջանակներում իրականացվող միջոցառմանը։
Երթի մասնակիցները հավաքվել են Հյուսիսային պողոտայում, ուր հայտարարվեց, որ Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվածներ կան։ Armenia Today-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ ժամը 17։50-ի դրությամբ՝ բերման ենթարկվածների վերաբերյալ բաժիններից տեղեկություն դեռ չեն ստացել։ ՆԳՆ-ից միայն հայտնեցին, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ բերման է ենթարկվել 12 անձ։
Երևանի կենտրոնում ոստիկանական բազմաթիվ ուժեր են կուտակվել։ Բողոքի ակցիայի մասնակիցները վուվուզելներով են ողջունել Փաշինյանին։
Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ոստիկանական ուժերի կուտակումները վախի նշան է որակել։
«Սա նշանակում է օտարված լինել սեփական ժողովրդից ու վախենալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկաններին, որ ձեր փոխարեն այսօր ճանապարհ են փակել»,- նշել է նա։
Այս պահին Երևանի կենտրոնը շարունակում է մարդաշատ մնալ։ Ոստիկանների ձեռքերում, ենթադրաբար, արցունքաբեր գազի գլանանոթներ կան, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 15-ին՝ ժամը 15.00-20.00-ն փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
«Ազգային ճակատը» հայտնել էր, որ Օպերայի շրջակա տարածքում գտնվող «Ատլանտիկ» սրճարանի աշխատակիցը հաղորդել է, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ն հյուրեր չընդունել։ Իսկ «Մեղեդի» սրճարանի աշխատակիցն ասել է, որ «սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ»։
Թումանյան փողոցը Հյուսիսային պողոտային հարող հատվածում ամբողջությամբ փակված է մետաղյա ձողերով, ոստիկանները արգելում են քաղաքացիների անցումը Մաշտոցի պողոտայով, հայտնել է «Ազգային ճակատը»։
Մայիսի 4-ին սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութերում։