Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր հետևորդների ուշադրությունն է հրավիրել Արցախի նախկին ղեկավարների ապօրինի ձերբակալությանը: Նա «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում կիսվել է Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։
Ֆուտբոլիստի «Ինստագրամ»-ին ավելի քան 2,6 մլն մարդ է բաժանորդագրված։
2023թ․ սեպտեմբերին Մխիթարյանը պահանջել էր անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։
Մայիսի 14-ին Բաքվի դատարանը 5 ամսով երակաձգել էր Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը։ Մայիսի 15-ին դատարանը 5 ամսով երկարացրել էր նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքների ժամկետները։ Իսկ մայիսի 16-ին 5 ամսով երկարաձգվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։
2023թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը սկսել էր Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի ձերբակալություններն ու կեղծ մեղադրանքներով կալանքի ժամկետներ որոշել։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։