Գերմանիայի Բոնն քաղաքում ցուցարարները հունիսի 7-ին իրենց բողոքն են արտահայտել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ն Ադրբեջանում անցկացնելու ՄԱԿ-ի որոշման դեմ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին, հայտնում է Free armenian prisoners նախաձեռնությունը։
«Մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիայի ընթացքում կոչ են արել Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին»,- հայտնել է կայքը։
Նրանք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների պատվիրակներին կոչ են արել դեմ արտահայտվել Ադրբեջանում COP29-ի անցկացմանը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունն Ադրբեջանում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալների աճից բնապահպանների դժգոհության մասին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։
Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։