ՆԳՆ հայտի հիման վրա՝ ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում, հայտնում է ՆԳ նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ հաշվետվության նախնական արդյունքները քննարկվել են հիմնական գործընկերների հետ, ինչի արդյունքում հաշվետվությունը բերվել է վերջնական տեսքի:
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին։
Բազմոլորտային առաջնային կարիքների գնահատմանը հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացը, հայտնում է նախարարությունը։
Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։ Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։