Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած 41 թերությունից 40-ը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա հավելել է, որ վերջին թերությունը շտկման փուլում է, որից հետո հերթական աուդիտի նպատակով կհրավիրի եվրոպացի գործընկերներին:
Ըստ Սանոսյանի՝ տարիներ ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատավարձը ցածր էր, ինչն էլ հանգեցրել է նրան, որ կոմիտեի շատ աշխատակիցներ դուրս են եկել և աշխատանքի անցել մասնավոր ավիաընկերություններում, երբեմն նաև տեղափոխվել այլ երկրներ:
«Երբ մեր եվրոպական ավիացիոն ոլորտի գործընկերներն այց ու ուսումնասիրություն են իրականացրել, արձանագրել են, որ այդ քանակի մարդկանցով հնարավոր չէ ոլորտի որոշ անվտանգային հարցեր բավարար չափով ապահովել, ինչն էլ հիմք է դարձել, որ մեր ավիացիոն ոլորտը դեպի Եվրոպա ուղղությամբ հայտնվի «սև ցուցակում»: Նրանք արձանագրել են 41 տարբեր թերություն, բայց դրանք հիմնականում առնչվում են աշխատակիցների քանակին: Սակայն այդ 41 թերությունից 40-ը վերացված է»,- ասել է նախարարը:
«Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել էր բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: