Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ Հայաստանում դաշտային վարժանք է անցկացվել, հայտնել են ԱԽ գրասենյակից։
Սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում տեղի ունեցած վարժանքներին մասնացել է ՀՀ պետական կառավարման համակարգի 10 մարմին։
«Վարժանքը միտված էր դիտարկելու քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգների տարածման դեմ ՀՀ կարողությունները և արձագանքման մեխանիզմները։ Խաղարկվել է ՔԿՃՄ գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև այդ իրավիճակներին արձագանքելու կարողությունների գնահատմանն ուղղված 6 տարբեր սցենար: Ընդ որում՝ որոշ սցենարներ անցկացվել են իրական պայմաններում, իսկ մյուսները կրել են նմանակող բնույթ»,- ասված է հրապարակման մեջ։
ԱԽ գրասենյակից ընդգծել են, որ վարժանքի հիման վրա կատարված վերլուծությունը հնարավորություն կտա համակողմանի գնահատել ՔԿՃՄ միջադեպերին արձագանքման հետ կապված առկա իրավիճակը, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, և որպես վերջնանպատակ՝ իրականացնել այդ միջադեպերին ՀՀ արձագանքման կարողությունների հզորացում: