Կարմիր բերետավորները բերման են ենթարկել Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Նա քաղաքապետարանի մուտքի դռանը հուշանվերային դոլարներ է փակցրել՝ ի նշան քաղաքի նոր գլխավոր հատակագծի դեմ բողոքի։
«Երևանի քաղաքապետարանը հաստատել է նոր գլխավոր հատակագիծը, որով նախկինում չօտարվող հողերը ենթակա են օտարման։ Այս որոշմամբ Երևանի կանաչ գոտիները ենթակա են օտարման, այդ թվում՝ այգիների տարածքը»,- նշել է ակտվիստը։
Նա կոչ է արել պայքարել այդ որոշման դեմ և պահանջել է, որ Երևանի քաղաքապետարանից լիազոր պաշտոնյա իջնի և հարցերին պատասխանի։
«Նրանք ուզում են կանաչ գոտիները քչացնել, որ ուրիշ կանաչ գումարներով իրենց գրպանները լցնեն»,- հայտարարել է նա։
Ոստիկանները պոկել են փակցված թղթադրամները։ Երբ Չախոյանը փորձել է նորից փակցնել դրանք, նրան բերման են ենթարկել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հայտնել է, որ Չախոյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (հասարակական կարգի պահպանության ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով) նախատեսված արարք կատարելու համար։
Սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանին 32 կողմ ձայնով հաստատել էր Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ նոր գլխավոր հատակագծի ընդունման անհրաժեշտություն առաջացել էր դեռևս 2020 թվականին, երբ 2005 թվականին ընդունված գլխավոր հատակագծի ժամկետը լրացել էր։ Հատակագծի ընդունման գործընթացը, ըստ նրա, պետք է սկսվեր դեռևս 2018-2019 թթ.։