Թմրամիջոց օգտագործելու համար 47 ոստիկան ազատվել է աշխատանքից, «ՀՀ 2019-2024թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
«Իրականացնում ենք ոստիկանների ատեստավորում։ Յուրաքանչյուր ոստիկանի համար պարտադիր պայման է անցնել թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը։ 47 դեպք ունենք, որ թմրամիջոց օգտագործելու պատճառով ոստիկան ազատվել է աշխատանքից»,- պարզաբանել է նախարարը։
Նախարարի տվյալներով՝ 2021-2023 թվականներին ընդհանուր հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 631 դեպք (173-ը՝ իրացման, իսկ 458-ը՝ ձեռք բերելու), վերջին հինգ տարիներին արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ, հայտնաբերվել՝ թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա։
Ղազարյանը նշել է, որ ներկայումս ոստիկանությունը հասանելիություն չունի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը իրականացնող սոցիալական հարթակներին:
«Այս համատեքստում, հաշվի առնելով համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման զգալի աճը, քրեական ոստիկանությունում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, որի ծառայողների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպքեր», – հայտնել է նախարարը:
Նա հավելել է, որ թմրամիջոցների տարածման կանխարգելման նպատակով, մշակվել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության ու դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիր և Կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որի հիմնական խնդիրն է պետական լիազորված մարմինների համագործակցության զարգացումը։
Նախարարը նաև ընդհանուր տեղեկություններ է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից բացահայտված հանցագործությունների մասին: Ըստ նրա՝ Հայաստանում սպանությունների շուրջ 80%-ը կատարվում է կենցաղային հողի վրա:
«Վերջին 5 տարում աճել են սպանությունները (միջինում՝ 12,1 %), սպանության փորձերը (միջինում՝ 18,4 %), զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը (միջինում՝ 15,6 %), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը (միջինում՝ 13,9 %), խուլիգանությունը (միջինում՝ 23,2 %), թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը (միջինում՝ 46,6 %) և խարդախությունները (միջինում՝ 10,4 %)»,- պարզաբանել է նախարարը։
Ըստ նրա՝ հիմնական հանցատեսակներից աճել են սպանության դեպքերը. միջինում՝ 12,1%, սպանության փորձի աճը՝ 18,4%, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը՝ 15,6%, ճանապարհային երթևեկության կանոները խախտելը՝ 13,9%, թմրանյութերի ապօրինի շրջնառությունը՝ 46,6%»,- հավելել է նախարարը։
Միևնույն ժամանակ, ըստ Ղազարյանի, նույն ժամանակահատվածում նվազել են գողությունների (միջինում՝ 10,8 %), այդ թվում՝ բնակարանային (միջինում՝ 11,4 %), կողոպուտի (միջինում՝ 9,4 %), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (միջինում՝ 3,4 %), այդ թվում՝ ծանր դեպքերը (միջինում՝ 3 %):
Ղազարյանի խոսքով՝ վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կամ 83%-ը, կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ։
«Արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ, հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է»,- հայտարարել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ տարածում են գտնում համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող հափշտակությունները և, այսպես կոչված էլեկտրոնային խարդախությունները:
«2019-2023 թվականների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1 506 համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակության և 1 765 էլեկտրոնային խարդախության դեպք: 2019 թվականի համեմատ 2023-ին հայտնաբերվել է 7,9 անգամ ավելի հափշտակության և 8,3 անգամ ավելի խարդախության դեպք»,- պատմել է նախարարը: