«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում, հայտնել է IdeA հիմնադրամը։
Հայկական ճոպանուղին առաջ է անցել այնպիսի մրցակից երկրներից, ինչպիսիք են Բոլիվիան, Բրազիլիան, Վիետնամը, Կանադան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն և ՀԱՀ-ն:
«Բաց քվեարկության արդյունքներով՝ «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է նոյեմբերի 24-ին՝ Պորտուգալիայի Մադեյրա կղզում World Travel Awards 2024 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ։
Նախագծի հիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, նշել է, որ Բաքվում ապօրինի պահվող հայրն արդեն երկրորդ տարին հնարավորություն չունի անձամբ ստանալ մրցանակը։
«Արդեն երրորդ անգամ նման հեղինակավոր մրցանակի արժանանալը վկայում է այն մասին, որ Հայաստանում ունենք աշխարհի մասշտաբով եզակի զբոսաշրջային ենթակառուցվածք, որը մի կողմից նպաստում է մարզի ու նրա զբոսաշրջային ներուժի զագացմանը, մյուս կողմից՝ երկրի հյուրերին ներկայացնում է այն հոգևոր ու մշակութային հսկայական ժառանգությունը, որն ունի հայ ժողովուրդը:
Երկրորդ տարին է հայրս հնարավորություն չունի անձամբ ստանալ այս մրցանակն ու շարունակել իր բարեգործական ու մարդասիրական ծրագրերը, քանի որ շինծու մեղադրանքով ապօրինի պահվում է Բաքվի բանտում: Հպարտ եմ, որ նրա ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը: Վստահ եմ, որ նա դեռ շատ նոր նախագծեր կիրականացնի»,- ասել է Դավիթ Վարդանյանը:
Նախագիծն առաջին անգամ այս անվանակարգում հաղթել էր 2021 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2023 թվականին։ Ճոպանուղու նախագիծն իրականացվում է Վարդանյանի և նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում։