Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը Հայաստանից հանգստի մեկնել պատրաստվող քաղաքացներին զգուշացրել է խաբեությունների ռիսկի մասին։ Armenia Today-ի հետ հարցազրույցում նա պատմել է, որ գրեթե ամեն տարի ՀՀ քաղաքացիները գայթակղիչ առաջարկների պատճառով գումարներ են կորցնում։ ՀՀ քաղաքացիները խաբեության զոհ են դառնում հատկապես հյուրանոցների ամրագրման դեպքում՝ աննախադեպ ցածր գներով տուրիստական փաթեթների առաջարկներին հավատալու հետևանքով։
«Գրեթե ամեն տարի, հատկապես հանգստի սեզոնին՝ ամռանը և ձմռանը, ունենում ենք դեպքեր, երբ զբոսաշրջային ընկերությունները մարդկանց հանգիստը կազմակերպելու համար գումարները գանձում են, այնուհետև՝ անհետանում: Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացներն ուղղակի չեն կարողանում մեկնել հանգստի կամ մեկնում են հանգստի, բայց չեն կարողանում հյուրանոց մուտք գործել։ Բախվում ենք իրավիճակների, երբ մարդիկ նախապես վճարելով՝ ուղեգիր են ձեռք բերում, սակայն հասնելով այնտեղ՝ պարզվում է, որ գործակալությունը կամ տվյալ հյուրանոցի անձնակազմը հյուրանոցի համարներն արդեն իսկ վաճառել է մեկ ուրիշին: Սա տարածված խնդիր է, որը մենք բարձրաձայնել ենք»,- ասել է նա։
Փորձագետը հուսով է, որ խնդիրը կլուծվի, երբ վերջնականապես ուժի մեջ մտնի ոլորտը կարգավորող օրենքի դրույթը, որով զբոսաշրջային ընկերությունները կդառնան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ։
«Հուսով եմ՝ խնդիրները կկարգավորվեն օրենքով, որը կա, սակայն գործարկման համար անհրաժեշտ են կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն զբոսաշրջային ընկերություններին առնչվող պահանջները՝ լիցենզիա ստանալու համար։ Խոսքը նվազագույն պահանջների մասին է, ինչպիսին, օրինակ, գրասենյակ, ֆինանսական երաշխիքներ չունենալն է, չգրանցված աշխատողների հանգամանքը։ Թվարկված և մի քանի այլ պայման չունեցող ընկերություններն ըստ օրենքի կարգավորման չեն կարողանա գործունեություն ծավալել։ Կարևորը ֆինանսական երաշխիքն է, որի առկայության դեպքում զբոսաշրջիկը կկարողանա իր գումարները հետ ստանալ»,- նշել է փորձագետը։
Մինչ օրենքն ուժի մեջ կմտնի՝ Գևորգյանը քաղաքացիներին հանգստի մեկնելուց առաջ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել տուրիստական փաթեթների գներին ու ընկերությունների պատմությանը։
«Խորհուրդ կտամ օգտվել վստահելի ու փորձառու ընկերություններից: Հատկապես հիմա, երբ ամանորյա եռուզեռն սկսվել է, և շատ մարդիկ ցանկանում են մեկնել հանգստի, կարևոր է ուշադիր լինել: Եթե կտեսնեք, որ շուկայական գներից զգալիորեն ցածր առաջարկներ են արվում, նախապես համոզվեք այդ ընկերությունների վստահելիության մեջ։ Եթե կտեսնեք, որ շուկայականից ակնհայտ ցածր գնով և գայթակղիչ առաջարկներ են արվում, չհամաձայնվեք, դրանք կարող են խայծ լինել»,- շեշտել է նա։
2023-ի օգոստոսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը և տուրիզմի մենեջերը 177 անձանց հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու պատրվակով խարդախությամբ հափշտակել էին առանձնապես խոշոր չափերով՝ 224 066 450 84 դրամ գումար։