Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Վանաձոր, Սպիտակ և Գյումրի, հայտնում են կառավարությունից։
Ըստ գերատեսչության՝ երկրի ղեկավարը Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։
Գյումրիում վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցը։ Ամեն տարի այս օրը եկեղեցիներում կազմակերպվում են հոգեհանգստյան արարողություններ, մարդիկ այցելում են գերեզմաններ՝ հարգելու զոհերի հիշատակը, իսկ Սպիտակում հարյուրավոր մարդիկ հավաքվում են հուշարձանների ու կոթողների մոտ, ծաղիկներ դնում և կիսվում ողբերգական հիշողություններով։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայկական ԽՍՀ հյուսիս-արևմուտքում տեղի էր ունեցել 8 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ, որն զբաղեցրել էր մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ 1 մլն բնակչությամբ և խլել 25 հազար կյանք։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ, Լենինականում (այժմ՝ Գյումրի)՝ 9 բալ, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր) 8 բալ՝ 12 բալանոց սանդղակով։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել էին նաև Երևանում և Թբիլիսիում։