Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է իր 4000-րդ պարեկությունը, հայտնում է առաքելությունը X-ում։
«Հայաստանում ԵՄ առաքելությունն այսօր ավարտեց իր 4000-րդ պարեկությունը հիմնադրումից ի վեր: Մենք հպարտ ենք տեղում դիտելու և զեկուցելու համար՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղությանն աջակցելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Առաքելությունից հավելել են, որ ամենօրյա պարեկություն են իրականացնում 6 վայրից՝ Եղեգնաձոր, Կապան, Գորիս, Ջերմուկ, Մարտունի և Իջևան։
Նոյեմբերի 28-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Լեհաստանը դիտարկում է ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման հարցը։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA) և ունի երկամյա մանդատ։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում։ Առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել հակամարտություններից տուժած շրջաններում մարդկանց վստահությունն ու անվտանգությունը և ԵՄ աջակցությամբ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ։