Հետազոտողներն ուսումնասիրություն են սկսել՝ պարզելու, թե ինչո՞ւ չենք կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա գրասենյակային աղմուկի պայմաններում, գրում է Большие Идеи կայքը։
Նշվում է, որ կան ուսումնասիրություններ, որոնցով փորձում են պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում ձայնն ուղեղի վրա:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բաց տարածության և միջնապատերով գրասենյակներում աշխատողների դժգոհության հիմնական պատճառն աղմուկն է: Նոր հայտնագործությունները, սակայն, ենթադրում են, որ մեզ շեղում է ոչ թե աղմուկը, այլ դրա աղբյուրները: Ավելին, հետազոտողները պարզել են, որ մեր գործընկերների՝ որոշակի ծավալով խոսակցությունները կարող են անգամ օգնել ստեղծագործական առաջադրանքների կատարմանը, բայց պայմանով, որ մենք այդ խոսակցություններին մասնակից չլինենք»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ ուսումնասիրությունների՝ ստեղծագործական մարտահրավերները լուծելու իդեալական աշխատանքային միջավայրը ոչ թե բացարձակ լռությունն է, այլ հանգիստ ֆոնային աղմուկը:
«Ահա թե ինչն է պատճառը, որ ի տարբերություն աղմկոտ գրասենյակի, աղմկոտ սրճարանում շատ ավելի հեշտ է կենտրոնանալ»,- ընդգծել է կայքը։
Journal of Consumer Research ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ ֆոնային աղմուկի որոշակի մակարդակ խթանում է ստեղծագործական մտածողությունը: Հետազոտությանը մասնակցած մարդիկ ստեղծագործական մտածողության թեստ են կատարել, իսկ գիտնականները գնահատել են տարբեր մակարդակի աղմուկի ազդեցությունը նրանց վրա։
«Մասնակիցներին պատահականության սկզբունքով բաժանել են չորս խմբի և խնդրել ասոցիացիաների թեստ կատարել, որը լայնորեն օգտագործվում է ստեղծագործական ունակությունները որոշելու համար։ Թեստի ընթացքում պահանջվում է կապ գտնել բառերի միջև, որոնք առաջին հայացքից թվում է, թե պատահականորեն են ընտրված են: Խմբերից յուրաքանչյուրում ներգրավված մասնակիցները ենթարկվել են ֆոնային աղմուկի տարբեր մակարդակների՝ սկսած լիակատար լռությունից մինչև 50, 70 և 85 դեցիբել (ձայնի բարձրության չափման միավոր-խմբ․)»,- հավելել է կայքը։
Ըստ ուսումնասիրության՝ խմբերում արդյունքների միջև տարբերությունը աննշան էր, սակայն փորձի այն մասնակիցները, որոնք 70 դբ ծավալով աղմուկ էին լսել (հավասար է սրճարանում խոսակցությունների մակարդակին), մյուսների համեմատ թեստն ավելի լավ են հաղթահարել։
«Կարելի է ենթադրել, որ մտածելու մեր ունակության վրա չի ազդում ո՛չ լիակատար լռությունը, ո՛չ էլ 85 դբ աղմուկը։ Աղմուկի ճիշտ մակարդակը կարող է խթանել ստեղծագործական մտածողությունը։ Մեր գործընկերների հանգիստ խոսակցությունները, օդափոխման համակարգի թույլ աղմուկը կարող են օգնել մեզ կենտրոնանալ։ Խնդիր կարող է լինել այն, որ գրասենյակում կամա թե ակամա շեղվում ենք ուրիշների խոսակցություններից և չենք կարողանում կենտրոնանալ։ Եթե Ձեզ անհրաժեշտ է կատարել կարևոր առաջադրանք, լավագույն ռազմավարությունը կլինի գտնել մի տեղ, որտեղ կարող եք թաքնվել գործընկերներից և ղեկավարությունից»,- շեշտել է կայքը։
Նշվում է, որ կենտրոնացված աշխատանքի համար իդեալական միջավայրի գաղտնիքը ոչ թե աղմուկի, այլ շեղումների բացակայությունն է։