Երևանի տրանսպորտը կարող է աշխատել 100 դրամով, Factor TV-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտից օգտվում են մարդիկ, որոնք սոցիալապես խոցելի են և պետք է սուբսիդավորել։ «Այդ մարդիկ ստանում են 100-150 հազար դրամ, չեն մնում պետության վզին, հարկ են վճարում, պետության սուրբ պարտքն է այդ մարդկանց տանել-հասցնել աշխատանքի, այդ դեպքում գնաճը 100 տոկոսով նրանց վրա ազդելու է։ Ամիսը 4-5 անգամ տրանսպորտից օգտվողների համար 300 դրամ է դառնալու, քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի»,- ասել է նա։
Մարությանը նաև նշել է, որ քաղաքապետարանի առաջարկած զեղչը չի տարածվում 300 դրամանոց, մեկ օրանոց, 7 օրանոց փաթեթի վրա և տարածվում է 10 անգամանոց և ավելի բարձր փաթեթների վրա։
Նա առաջարկել է սուբսիդավորել գույքահարկից ստացված գումարներից։ Նախկին քաղաքապետը նշել է, որ 2021թ․ գույքահարկը կազմել 6 մլրդ 475 մլն դրամ, իսկ շարժական գույքինը՝ 12,1 մլրդ դրամ։ Նրա խոսքով՝ 2024-ին գույքահարկն արդեն կազմել է 13, 44 մլրդ դրամ, իսկ շարժական գույքի համար՝ 13.2 մլրդ դրամ: Այսինքն տարբերությունը 7 մլրդ դրամ է: Ըստ Մարությանի՝ 2025 թ․-ին ավելի է հավաքվելու՝ 14.92 մլրդ, իսկ 2026 թ․-ին՝ 20 մլրդ դրամ։
Ավինյանը հակադարձել է, որ քաղաքապետարանը սուբսիդավորում է տրանսպորտային ցանցի ծախսերը։ «Քաղաքապետարանն այս տարի սուբսիդավորել է 8,5 մլրդ դրամ, ֆինանսավորել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և ևս մեկ մլրդ հավելյալ դրամի կարիք ունի։ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է սուբսիդավորել, ամեն նոր գնված ավտոբուսի հետ ծախսերն ավելանում են, որի մի մասն իր վրա է վերցնում քաղաքապետարանը, մյուս մասը՝ տոմսային համակարգով»,- ասել է Ավինյանը։
Երևանի քաղաքապետը նաև հավելել է, որ տոմսային համակարգում «որոշ շտկումներ» են իրականցնելու։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։
Հոկտեմբերի 31-ին «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել էր կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։ Նա հայտարարել էր, որ ըստ պայմանագրի՝ Telcell-ն ու քաղաքապետարանն արդեն պետք է տեղադրած լինեին բանկային քարտերի համար սարքեր, որ մարդիկ կարողանային 100 դրամ վճարել։
Նոյեմբերի 3-ին Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։
Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի հունվարի 1-ից տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։