ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ամրագրվում է, որ 16 տարին լրացած երեխային հոգեբուժական միջամտություն ստանալու համար նրա համաձայնությունն առաջնային է: ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Վերջինիս ներկայացմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը ՀՀ Սահմանադրությանը և ««Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած, հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված լինելուն համաձայնություն տալու իրավունքը:
Նախագծով առաջարկվել է գրավոր իրազեկված համաձայնությունը ստանալ նրա օրինական ներկայացուցչից, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի: Սահմանվում է նաև, որ երեխայի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:
Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լուրջ, բազմակողմանի քննարկման է ենթարկվել: