«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լացիոյի» հետ խաղից առաջ մարզադաշտ է դուրս եկել ուկրաինական դրոշի պատկերով մարզաշապիկով՝ այսպիսով իր աջակցությունը հայտնելով Ուկրաինային։ Դոնեցկի «Շախտյորի» նախկին կիսապաշտպանի մարզաշապիկին «Together for Peace» (Միասին հանուն խաղաղության) գրությունն է եղել։ Այս մասին հայտնում է profootball.ua-ն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։