Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ: Այն նվաճելն իմ նպատակներից մեկն էր՝ շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել: Փառք Աստծո՝ ստացվեց։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանն՝ անդրադառնալով իր փառահեղ հաղթանակին:
«Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։
Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու Եզդի ազգին, ովքեր միշտ քաջալերելով՝ եղել են իմ կողքին։ Մեծ հաղթանակները շատ թանկ գնով են տրվում»,-հավելել է մարզիկը:
Հիշեցնենք, որ Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով թուրք ըմբիշ էմրե Բասարին։ Կիսաեզրափակչում Ամոյանը 9։0 հաշվով բացարձակ հաղթանակ տարավ շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Եվոպայի 2021թ․ առաջնությունում Մալխաս Ամոյանը արծաթե մեդալակիր էր դարձել 72 կգ քաշային կարգում։ Նույն քաշում Ամոյանը 2021-ին նաև աշխարհի չեմպիոն էր դարձել։