2023 թվականի հոկտեմբերի 14-16-ը Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին անցկացված գործկոմի նիստում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ով այսօր կայացած համաժողովի ընթացքում վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ասում է՝ նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացման իրավունքը մեծ պատիվ է. «Աշխարհի առաջնության անցկացումն իսկապես տոն պետք է լինի մեզ համար: Հայաստանում նմանօրինակ մասշտաբի մրցաշար մեր մարզաձևից դեռևս չի կայացել: Թիմային չարչարանքի և լրջագույն աշխատանքի շնորհիվ մենք այսօր արժանացանք այս պատվին: Ամեն ինչ պետք է անենք առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի՝ պետության և մեր սպորտային ընտանիքի աջակցությամբ»:
Երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սպասվում է 4 մայրցամաքի՝ շուրջ 70 երկրի մասնակցություն. «Ակնկալում ենք, որ մասնակիցների և պատվիրակների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 2500 մարդ: Ամեն ինչ պետք է անենք նրանց հավուր պատշաճի հյուրընկալելու համար»:
Ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նաև սամբոյի վետերանների աշխարհի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ, բայց միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամները որոշել են այն հետաձգել և անցկացնել հաջորդ տարի՝ դարձյալ Երևանում: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականների մասնակցությանն աշնանը Երևանում կայանալիք առաջնությանը, ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ ամեն ինչ պետք է անեն բարձրակարգ ելույթներ ունենալու համար։