Էրզրումում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը տպավորիչ հաղթանակով սկսեց իր մրցելույթները։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Հանձինս ռումինացի Անդրեյ Ջեհբանի մեր մարզիկին բավականին բարդ մրցակից էր բաժին հասել, բայց նա կարողացավ պոկել հաղթանակը։ Առաջին ռաունդում 5։0 հաշվով հաղթեց հայ մարզիկը, բայց երկրորդում ռումինացին ակտիվացավ ու 4։1 հաշվով շահեց ռաունդը։ 3-րդ վճռորոշ ռաունդում Տիգրանը հավաքվեց և դրսևորելով կամային բարձր որակներ հաղթանակի նժարը թեքեց իր կողմը»,-հայտնում են ֆեդերացիայից։
Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի ևս երկու ներկայացուցիչ։ Ռինգ դուրս կգան 42 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, որը կանցկացնի իր երկրորդ մենամարտը։