Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Երեկ՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել 102 կգ քաշային Աշոտ Մարգարյանը՝ երկամարտի 312 կգ արդյունքով դառնալով բրոնզե մեդալակիր:
ԵԱ-ի կրկնակի հաղթող էր դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը: 81 կգ քաշայինների պայքարում Էմման ոսկե մեդալ էր նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր ոսկե մեդալներին: Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել էր նաև 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ երկամարտի 305 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր:
Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալն ապահովել էր Աննա Ամրոյանը: Մինչև 17 տարեկանների առաջնությունում Ամրոյանը 76 կգ քաշայինների պայքարում հաղթողի կոչումը նվաճել էր երկամարտի 209 կգ արդյունքով (92+117 կգ)։
Հուլիսի 6-ին Հայաստանի ներկայացուցիչներից պատանեկան ԵԱ-ի հաղթող էին ճանաչվել նաև ծանրորդներ Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ): Երկամարտի արծաթե մեդալին արժանացել էր 81 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը՝ 312 կգ արդյունքով (140+172 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) և Ալինա Սուքիասյանը (71 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ: