Հայաստանը 2024 թվականին կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, իսկ Գյումրին հռչակված է ԱՊՀ սպորտային մայրաքաղաք, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ մեկնաբանել ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ հաջորդ տարի Գյումրիում կանցկացվեն ԱՊՀ խաղերը:
«Ինֆորմացիան սխալ է. 2025 թվականի ԱՊՀ խաղերն ընդունելու է Ադրբեջանը: Գյումրին հայտարարված է 2024 թվականի ԱՊՀ սպորտային մայրաքաղաք: Սպորտի հանձնաժողովի նախագահ մեկ տարով ընտրված եմ ես: Գյումրիում կկայանա ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ֆորումը, բայց մեր հյուրերը կլինեն նաև Ծաղկաձորում և Երևանում: ԱՊՀ երկրները համաժողովին ներկայացված կլինեն նախարարի կամ փոխնախարարի մակարդակով: Այնպես, ինչպես անցած տարի Հայաստանը մասնակցել է Տաշքենդում կայացած նման համաժողովի»,-ասել է Գիլոյանը:
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Գյումրին 2024 թվականին կդառնա ԱՊՀ-ի սպորտային մայրաքաղաքը, և այնտեղ կանցկացվեն Համագործակցության խաղերը։