Գյումրին 2024 թվականին կդառնա ԱՊՀ-ի սպորտային մայրաքաղաքը, և այնտեղ կանցկացվեն Համագործակցության խաղերը, Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Չնայած տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնց մասին ես կխոսեմ մի փոքր ուշ, հուսով եմ՝ Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումները»,- ասել է Պուտինը։
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը տեղի է ունենում Բիշքեկում՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի նախագահությամբ։
Ընդլայնված հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և Շանհայի համագործակցության կազմակերպությունների գլխավոր քարտուղար Ժանգ Մինը:
Ավելի վաղ տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը նեղ կազմով։ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև։