Պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հավաքականից հեռանալու որոշում է կայացրել ու հայտնել պատճառների մասին։
Նա «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ, առաջին հերթին, հոգնել է ուղևորություններից և մտադիր է դադար վերցնել։
«Հայաստանի շախմատի հավաքականից հեռանալու որոշում եմ կայացրել, բայց հնարավոր է՝ տարիներ անց վերադառնամ: Ինձ մի քանի տարով դադար է պետք: Որոշմանս հիմնական պատճառը ճանապարհներից հոգնելն է»,- հայտնել է նա։
Մելքումյանը հավելել է, որ «մեծ շախմատ»-ից ամբողջապես չի հեռանում և շարունակելու է Ավստրալիայում միջազգային մրցաշարերի մասնակցել։
Հրանտ Մելքումյանն աշխարհի երիտասարդների (Մ18) առաջնության արծաթե մեդալակիր է, Հայաստանի շախմատի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե (2015), Եվրոպայի առաջնության արծաթե (2015) և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2023):
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում Մելքումյանն ընդգրկվել էր 2023-ի ՀՀ 10 լավագույն շախմատիստների ցուցակում։