Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի եղբայրը՝ Նեյ Ալվեսն արձագանքել է սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններին, թե ֆուտբոլիստն ինքնասպան է եղել, հայտնում է championat.com-ը։
Ֆուտբոլիստի եղբայրը հերքել է եղբոր ինքնասպանության լուրը, տեղեկացրել է կայքը։
«Թող Աստված քեզ շատ առողջություն և իմաստություն տա, եղբայրս, որպեսզի հաղթահարես և դիմանաս մարդկանց այս դաժանությանը: Որքան դաժանություն կա մարդկանց մեջ»,- հայտարարել է ֆուտբոլիստի եղբայրը։
Ինքնասպանության մասին լուրերը տարածողներին նա կալանավորված եղբոր մահը ցանկանալու մեջ է մեղադրել։
2023-ի հունվարին Ալվեսին բռնաբարության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել և նա կալանավորել էր։ 2024-ի փետրվարին դատարանն Ալվեսին դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման, նաև պարտավորեցրել 150 հազար եվրո վճարել տուժողին՝ որպես բարոյական փոխհատուցում։ Իսպանիայի դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը՝ համարելով, որ Ալվեսը պետք է ավելի երկար ժամանակ գտնվի կալանքի տակ։