Հոլանդիան ներկայացնող խառը մենամարտերի (MMA) հայազգի մարտիկ, Dream-ի, Strikeforce-ի, Cage Warriors-ի և Bellator-ի չեմպիոն, UFC-ի նախկին ներկայացուցիչ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) հայտնել է խառը մենամարտերի մրցաշարեր կազմակերպող ամերիկյան Professional Fighters League (PFL)-ին դատի տալու մտադրության մասին։ Մարզիկի խոսքով՝ իրեն պարտք են 2 մլն դոլար։
Այս մասին նա ասել է The MMA Hour-ին տված հարցազրույցում։ Կազմակերպությունը հրաժարվում է Գեղարդին վճարել 2 մլն դոլար և պարզապես սպասում է, որ Bellator-ի նախկին չեմպիոնն իր կամքով հրաժարվի այդ գումարից։
«Նրանք ասացին, որ չեն կարող ինձ վճարել նույն գումարը։ Եվ որպեսզի ինձ էական նվազեցում չառաջարկեն, առաջարկեցին խզել պայմանագիրը։ Իմ թիմը վճռական է արդարության հասնելու դատարանների միջոցով»,- ասել է Մուսասին։
Նա նշել է, որ կազմակերպությունն անհարգալից վերաբերմունք է դրսևորել իր նկատմամբ, նույնիսկ իր զանգերին չեն պատասխանում։ Մուսասիի խնդիրներն սկսվել են այն բանից հետո, երբ PFL-ը գնել էր Bellator-ը, որը գործող պայմանագիր ուներ վետերանի հետ: Մուսասին ասել է, որ PFL-ը գնել է Bellator-ը, բայց չի պատրաստվում նախկին մարտիկներին վճարել նույն գումարը, որը նրանք ստանում էին։
«Դրա համար շատ մարտիկներ հիմա պարապ նստած են: Bellator-ում վճարները շատ ավելի բարձր էին։ Ես միլիոնների պայմանագիր ունեմ։ Ինձ մի ասեք, որ նրանք չգիտեին սա, երբ գնեցին Bellator-ը: Ինչո՞ւ գնել, եթե գումար չունես մարզիկներին վճարելու այն, ինչ գրված է նրանց պայմանագրում: Ինձ գոնե մեկ մարտ են պարտական։ Եվ այդ ժամանակ պայմանագրի ժամկետը կլրանա։ Հակառակ դեպքում՝ կհանդիպենք դատարանում»,- ավելացրել է մարզիկը։
Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարտիկ է: Նա հանդես է գալիս հոլանդացի Ջուրոջին Լեյդենեի թիմում։