Հայաստանը ներկայացնող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկային գոտեմարտերում հաղթել են մրցակիցներին ու անցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության քառորդ եզրափակիչ, տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
97կգ քաշային Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սեունջուն Կիմին։ 77 կգ քաշային Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիան ներկայացնող Ջոնի Սարկինենին։
Եզրափակիչները նախատեսված են օգոստոսի 7-ին․ 77 կգ քաշային կարգը՝ ժամը 21:55-ին, 97 կգ քաշային կարգը՝ 22:05-ին: Կիսաեզրափակիչները կմեկնարկեն Երևանի 20:15-ին։
32-ամյա Ալեքսանյանն աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն է։ Նա 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2016-ի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ Ալեքսանյանը 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր էր դարձել։
25-ամյա Ամոյանը 2021 թվականի աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի փոխչեմպիոն, ինչպես նաև 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի արծաթե դափնեկիր։ 2019-ին նա նվաճել էր երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնի, 2018-ին՝ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսները։ Ամոյանը 2017 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն է։ Նա 2022, 2023 և 2024 թվականներին նվաճել էր նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։