Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում 9:5 հաշվով առավելության հասավ ուզբեկ Ռուստամ Ասակալովի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Գոտեմարտիում 97 կգ քաշային Ալեքսանյանը 5:5 հաշվով զիջում էր Ասակալովին, սակայն վերջին վայրկյաններին կարողացավ շրջել հանդիպման ելքը ու 4 միավորով առաջ անցավ մրցակցից, հավելել են ֆեդերացիայից։
Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սեունջուն Կիմին։
32-ամյա Ալեքսանյանն աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն է։ Նա 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2016-ի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ Ալեքսանյանը 2019-ին Եվրոպական խաղերի չեմպիոն, 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր էր դարձել։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ էր ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։