Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 3։1 հաշվով պարտվել է ճապոնացի մրցակցին` Նաո Կուսակային։
77 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարի Կուսական, իսկ Ամոյանն օգոստոսի 7-ին Ուզբեկստանը ներկայացնող հայազգի Արամ Վարդանյանի հետ կվիճարկի բրոնզե մեդալը։
Ամոյանն օգոստոսի 6-ին քառորդ եզրափակչում 3-0 հաշվով առավելության էր հասել իրանցի Ամին Յավար Կավիանինեժադի նկատմամբ, մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 8:0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիան ներկայացնող Ջոնի Սարկինենին։
25-ամյա Ամոյանը 2021 թվականի աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի փոխչեմպիոն, ինչպես նաև 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի արծաթե դափնեկիր։ 2019-ին նա նվաճել էր երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնի, 2018-ին՝ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսները։ Ամոյանը 2017 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն է։ Նա 2022, 2023 և 2024 թվականներին նվաճել էր նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։