Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցապայքարում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթել է Ֆրանսիայի մարզիկ Մամադաս Սիլային ու դուրս եկել կիսաեզրափակիչ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
67 կգ քաշային Գալստյանը մրցակցին հաղթել է 3:2 հաշվով։ Կիսաեզրափակչում նա կհանդիպի իրանցի Սայեդ Էսմայելիի հետ։
1/8 եզրափակչում Գալստյանը հաղթել էր Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Արոյոյին։
Ըմբշամարտի Օլիմպիական մրցաշարում այսօր 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանն Ուզբեկստանը ներկայացնող հայազգի Արամ Վարդանյանի հետ կվիճարկի բրոնզե մեդալը։ Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար, մրցակիցը եզրափակչում կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2021 թվականի չեմպիոն և կրկնակի բրոնզե մեդալակիր, իրանցի Մոհամմադհադի Սարավին։
Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները, հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ին անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։