Կբողոքարկենք մինչև վերջին ատյան և կպայքարենք ճշմարտության համար, «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ անդրադառնալով ըմբիշ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի արդյունքների բողոքարկմանը։ Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակչում 1։4 հաշվով պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին՝ նվաճելով արծաթե մեդալ, իսկ մրցանակաբաշխության ժամանակ հանել էր արծաթե մեդալը՝ իրանցուն երկու միավոր շնորհելու մրցավարների որոշման հետ անհամաձայնություն հայտնելով:
Նա նշել է, որ բողոքարկման դեպքում արդյունքների վերանայման հնարավորություններ կան։
«Հեշտ չի լինելու, բայց մենք մինչև վերջ, մինչև Լոզանի դատարան դիմելու ենք։ Նախադեպեր կան մի քան մարզաձևերում՝ ձյուդո, գեղասահք, ըմբշամարտ։ Հնարավորություններ կան, Օլիմպիական խաղերի ժամանակ մի քանի անգամ կա՛մ երկրորդ ոսկե մեդալն են տվել, կա՛մ վերցրել են հաղթողից ու մրցակցին են տվել»,- ասել է փոխնախարարը։
Ալեքսանյանի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը նման որոշումները Հայաստանի թիմի նկատմամբ հարձակում է որակել։
«Ոչնչացնում են մեր արդյունքները, մեր քրտինքը»,- շեշտել է նա և հավելել, որ արդարությունը վերականգնելու համար բողոքարկելու են իրավասու մարմիններին, դիմելու են լավագույն սպորտային իրավաբաններին։
ԿԳՄՍ նախարարությունն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ալեքսանյանի գոտեմարտի արդյունքները։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին ուղղված պատասխան նամակում նշել էր, որ եզրափակիչ գոտեմարտը մրցավարները ճիշտ են դատել, որից հետո ՀՀ-ն դիմել էր Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին։
Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում իր տեղը զիջել էր իրանցուն ու դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Օգոստոսի 11-ին ծանրորդ Վարազդատ Լալայանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։