«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբն ու հունգարական «Ֆերենցվարոշը» պայմանավորվել են Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Էդգար Սևիկյանի՝ վարձակալական հիմունքներով մոսկովյան ակումբ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է FCLM News-ը։
23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը, և նախատեսում է տրանսֆերը գնելու տարբերակը: «Լոկոմոտիվի» կազմում Սևիկյանը կխաղա 7 համարի մարզաշապիկով:
Սևիկյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 8-ին՝ Մոսկվայում: «Լոկոմոտիվ» ակադեմիայի սան է։
2017 թվականին տեղափոխվել է Իսպանիա և դարձել տեղի «Լևանտեի» խաղացող: 2020 թվականի հունվարի 19-ին ֆուտբոլիստը նորամուտն է նշել «Ատլետիկո Լևանտեի» կազմում՝ Սեգունդա Բ-ում, իսկ նույն թվականի դեկտեմբերի 5-ին առաջին անգամ խաղացել է Իսպանիայի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով «Խետաֆեի» դեմ խաղում։
2022 թվականի ամռանը Սևիկյանը տեղափոխվել է «Պարի ՆՆ», որի կազմում հետագայում մասնակցել է 40 հանդիպման, դարձել 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ տարվա հունվարին Էդգարը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ» (17 խաղ, 2 գոլ, 1 փոխանցում):
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 8 հանդիպում և խփել 1 գնդակ: