Շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայի արդյունքներով Հայաստանի շախմատի կանանց հավաքականի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնել է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Ըստ հրապարակման՝ Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը՝ 10 հնարավորից 8 միավոր:
ՀՀ կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Իսկ ՀՀ տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և Ամերիկայից հետո։
Մրցաշարի ընթացքում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյի, Մեքսիկայի, Հունգարիայի, Վիետնամի և Չինաստանի թիմերին, վեցերորդ փուլում պարտվել էր Հնդկաստանի թիմին, ապա ոչ-ոքի խաղացել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Իսպանիայի հավաքականների հետ։
Օլիմպիական խաղերում Հնդաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հռչակվել է հաղթող։ Տղամարդկանց պայքարում 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ԱՄՆ-ի և Ուզբեկստանի հավաքականները։ Կանանց մրցաշարում Ղազախստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ ԱՄՆ-ն՝ երրորդ: