Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի առաջնությունում կարճ ծրագրից հետո մենասահքում առաջին տեղն է զբաղեցնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մրցաշարը տեղի է ունենում Օմսկում։ Պետրոսյանը վաստակել է 85,78 միավոր։ Երկրորդ տեղն զբաղեցնում է Ալինա Գորբաչովան (77,57 միավոր), Աննա Ֆրոլովան երրորդն է (75,01):
Պետրոսյանը 17 տարեկան է, մարզվում է Էթերի Թութբերիձեի խմբում։ Գեղասահորդուհին Ռուսաստանի գործող չեմպիոնն է։
Նոյեմբերի 16-ին նա հաղթել էր Ռուսաստանի Գրան պրիի կանանց մենասահքի կարճ ծրագրում։ Փետրվարի 18-ին Պետրոսյանը Ռուսաստանի կանանց մենասահքի սպարտակիադայի չեմպիոն էր դարձել։ Նա 2023 թվականի դեկտեմբերին Չելյաբինսկում կայացած գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել՝ կարճ և ազատ ծրագրերում վաստակելով 246,53 միավոր։ Պետրոսյանը 2022 թվականի Ռուսաստանի գեղասահքի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2021 թվականի պատանիների ազգային առաջնության արծաթե մրցանակակիր։ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Գրան պրիի ընդհանուր հաշվարկում նա գրավել էր առաջին տեղը։