Իտալական «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 12-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, շնորհակալություն է հայտնել ընտրության համար։
«Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,- գրել է նա։
Դեկտեմբերի 27-ին Մխիթարյանը ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Նա վաստակել էր 87 միավոր։ Երկրորդ տեղը 62 միավորով զբաղեցրել էր Հայաստանի հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով լավագույն եռյակը եզրափակել էր Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Լավագույն ֆուտբոլային մարզիչ էր ճանաչվել «Փյունիկ» ՖԱ-ն գլխավորող Եղիշե Մելիքյանը, ով վաստակել է 92 միավոր։ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան 67 միավորով զբաղեցրել էր երկրորդ տեղը։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 23 միավորով երրորդ տեղում էր։
«Սպորտի ոլորտում 2024 լավագույնների ընտրություն» մրցույթում Մխիթարյանը հաղթել էր «ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում։