Սիրիայի Իդլիբ նահանգի իշխանությունները հույս են հայտնել, որ դպրոցականների 17 միկրոավտոբուսներ արգելափակած գրոհայինները նրանց թույլ կտան Համա մտնել, որպեսզի նրանք կարողանան քննություններ հանձնել Հալեպում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Իդլիբ նահանգի նահանգապետ Ֆադի Սադունին։
Հաղորդագրության համաձայն՝ արդեն 4 օր է, ինչ նրանք այցելում են անցակետ, որպեսզի դիմավորեն աշակերտներին, սակայն գրոհայինները թույլ չեն տալիս նրանց։ Երկրի իշխանությունները պատրաստ են երեխաներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում՝ տրանսպորտով և սննդով: Նահանգապետի խոսքով՝ նահանգի ղեկավարությունը հենվում է Ռուսաստանի օգնության վրա՝ հույս հայտնելով, որ դպրոցականներին, այնուամենայնիվ, կհաջողվի անցնել անցակետի մյուս կողմը:
Սիրիայի կրթության նախարարության ներկայացուցիչ Աբի Աբու Խաժարը նշել է, որ աշակերտներին սպառնում են, ստիպում ոտքով գնալ իշխանությունների կողմը, ապա հետ են մղում: Երեխաները զանգահարում են և պատմում են իրենց հետ կատարվող իրադարձությունների մասին:
Սիրիայի իշխանությունները և Իդլիբի դեէսկալացիայի գոտում տեղական վարչակազմերի ղեկավարները մինչ այդ պայմանավորվել էին միջնակարգ դպրոցների աշակերտներին հնարավորություն ընձեռել ստանալու դպրոցների ավարտական փաստաթղթերը և ընդունելության քննություններ հանձնելու սիրիական բուհեր:
Այդ նպատակների համար հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ ստեղծվել է «Տրումբա» և «Հալեպ» երկու անցակետ։ Հաղորդագրության համաձայն՝ Սիրիայի կառավարությանը չվերահսկվող տարածքներից արդեն ժամանել են շուրջ 700 դպրոցականներ: