Լիբանանցի բժիշկներին օգնություն է գալիս ամբողջ աշխարհից։ Փրկարարների և բժիշկների առաջին թիմերը մեկնել են Հայաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից:
Բեյրութում պայթյունից տուժած երեխաներին օգնության է ուղարկվել ռուսական մանկական անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանկաբուժական բրիգադը: Ռուս փրկարարները տեղակայել են աերոմոբիլային հոսպիտալը, թերապևտներն ու մանկաբույժներն արդեն օգնություն են ցուցաբերում վիրավորներին, որոնց չեն կարողացել ընդունել Բեյրութի լեփ-լեցուն հիվանդանոցները:
Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի ծովային նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը, վերջին տվյալներով, առնվազն 149 մարդու կյանք է խլել, տուժածների թիվը գերազանցել է 5 հազարը:
Պայթյունի ալիքի պատճառով հարյուրավոր շենքեր են ոչնչացվել և վնասվել, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառը եռակցման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումն է եղել, որն առգրավվել է վեց տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից: Իշխանությունները միջադեպի կապակցությամբ ձերբակալել են նավահանգստի վարչակազմի 16 անդամների, այդ թվում՝ նրա տնօրենի: