Ադրբեջանն անընդհատ ոտնահարում է իր կանոնադրական իրավունքները, և դա՝ ԵԽ-ին անդամակցելու առաջին օրվանից: Այս մասին այսօր, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը՝ Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:
Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը՝ Ադրբեջանը, ռազմական ագրեսիա է իրականացրել Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության՝ Հայաստանի նկատմամբ:
«Ռազմական ագրեսիայի հետևանքով կան հազարավոր զոհեր, հաշմանդամներ, հարյուրավոր ռազմագերիներ, չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն -Ադրբեջան եռակողմ հայտարարության մեջ հստակ ամրագրված է, որ գերիները պետք է վերադարձվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- նշել է Մելքումյանը:
«Ըստ էության, այդ հարցը չի լուծվել, և մեր հայրենակիցներն Ադրբեջանում հայտնվել են պատանդի կարգավիճակում: Իսկ հիմա հարց Ձեզ՝ իսկ ի՞նչ է արել Եվրոպայի խորհուրդը, Եվրոպան, կասե՞ք ինձ: Եվ հետո, եթե նման վայրագություններ կատարվեին, ասենք, եվրոպական երկու կամ երեք պետությունների միջև, դուք ինչպիսի՞ արձագանք կտայիք: Ինձ համար, որպես ԵԽԽՎ անդամ պետության պատվիրակության անդամ, շատ անհասկանալի է մնում այն, թե 44-օրյա այս պատերազմի օրերին այդքան զոհերի և ավերածությունների ակնհայտ իրողությունների պայմաններում ինչո՞ւ եվրոպական կառույցները գտնվեցին այդքան հեռու:
Կարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչն էր ձեզ պահում այդքան սառը և հեռու: Եվրոպական օրենքները, նիստուկացը, բարքերը, ավանդույթները… ի՞նչը: Այսինքն՝ կա՛մ Եվրոպան ցանկություն չունի կանգնեցնելու այդ մարդասպանությունները, կամ էլ անկարող է: Եվրոպան պետք է փոխվի: Քանի որ մենք ընդունում ենք այս բանաձևը և, հետևաբար, մեր կանոնակարգում փոփոխություններ ենք կատարում, ապա մենք պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ համատեղ ընթացակարգ սկսելու հարցը»,- ասել է Մելքումյանը:
Նշենք, որ հունվարի 25-28-ը Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որտեղ քննարկվում է նաև հայ ռազմագերիների Հայաստան վերադարձի հարցը։