Այսօր Ռուսաստանում Մոսկվայի ժամանակով 17:30-ին չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ 3329 մարդ է բերման ենթարկվել: Միայն Մոսկվայում բերման ենթարկվածների թիվը 933 է: Սանկտ Պետերբուրգում բերման է ենթարկվել 591 քաղաքացի:
Այս մասին հաղորդում է «Коммерсант»-ը՝ վկայակոչելով «ОВД Инфо» գործակալությանը:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանի առնվազն 82 քաղաքներում: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որի դեմ դեկտեմբերի 29-ից հետախուզում էր հայտարարվել ՌԴ-ում, ավելի վաղ Մոսկվա վերադառնալուն պես ձերբակալվել էր: Նրա դեմ հետախուզում էր հայտարարվել պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար: Նավալնու խափանման հետագա միջոցը կորոշի դատարանը: Նախքան դատարանի որոշումը նա կմնա կալանքի տակ: